ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը քննարկել եւ գնահատական է տվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանի վարքագծին` եզրակացնելով, որ դատավորը խախտել է վարքագծի կանոնների 11-րդ պահանջը` լրագրող Ադրինե Թորոսյանի նկատմամբ դրսեւորելով անզուսպ պահվածք։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը կարգապահական վարույթ չի հարուցել դատավորի նկատմամբ եւ սահմանափակվել է հարցի քննարկմամբ։

Նշենք, որ լրագրող Ադրինե Թորոսյանը դիմել էր հանձնաժողովին` հայտնելով, որ  2015թ. մարտի 30–ին քրեական գործով դատական նիստի ժամանակ դատավորը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությունը. թեեւ դատավարական կողմերը տվել էին համաձայնությունը, դատավորը լրագրողին արգելել է տեսաձայնագրել նիստը, բղավել էր լրագրողի վրա եւ հրաժարվել որևէ կերպ հիմնավորել իր պահանջը։ Լրագրողը դիմումին կից ներկայացրել էր նաեւ դեպքի տեսաձայնագրությունը, որ տեղադրված է հետևյալ հասցեում՝ youtube.com։

Դատավորի կոպիտ վերաբերմունքը լրագրող Ադրինե Թորոսյանի նկատմամբ թերեւս պայմանավորված է փաստով, որ ավելի վաղ դատական նույն գործով արդարադատության խորհուրդը կարգապահական  պատասխանատվության էր ենթարկել Մկոյանին` հիմք ընդունելով Թորոսյանի հրապարակումն այն մասին, որ դատական նիստի ընթացքում դատավորը սխալ է կիրառել Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներից մեկը։