ՀՀ արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ հունիսի 9-ին լրանում է ժամկետը, երբ վարորդները կարող են իրենց տուգանքի «մայր» գումարը վճարելով ազատվել ավելացված մասի վճարումից:

Նախարարության հաղորդագրությունում ասվում է.

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվար 9-ը վարչական իրավախախտում կատարելու դիմաց տուգանքի գումարն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում՝ 2015 թվականի հունվարի 9-ից մինչեւ հուլիսի 9-ը, վճարելու դեպքում, վարորդն ազատվում է տուգանքի չափի ավելացված, այսինքն՝ եռապատկված կամ հնգապատկված մասը եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից՝ վճարելով միայն տուգանքի «մայր» գումարը:

Բացի այդ, նույն օրենքի համաձայն՝ վարորդներն ազատվում են մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը կատարած վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքների գումարները եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Կոչ ենք անում օգտվել օրենքի ընձեռած արտոնությունից եւ մինչեւ սահմանված ժամկետի ավարտը, ձեռնամուխ լինել վարչական ակտերով նշանակված տուգանքների գումարի վճարմանը»: