Շատ վատ եմ վերաբերում Վահրամ Ենգոյանի վերանշանակումը հին պաշտոնին, բայց, միեւնույն ժամանակ, ոստիկանության գործելաոճի պարագայում դա բնական է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբանն է եւ դիմել էր ՀՔԾ՝ Ենգոյանի, Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ Երեւանի այժմյան ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի դեմ գործ հարուցելու պահանջով:

Լուսինե Սահակյանը շեշտեց, որ ոստիկանապետը արտաքուստ ցույց է տալիս, որ պայքարող է մղում բռնություն գործադրող, իր իսկ խոսքերով՝ «մսագործ ոստիկանների» դեմ, բայց իրականում այս ամենը կատարվում է ոստիկանապետի ուղղակի հովանավորչությամբ: «Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու Վահրամ Ենգոյանը, որն,  ըստ Հարություն Սարգսյանի՝ իրեն բռնություն գործադրողների թվին է դասվում, վերադարձվել է պաշտոնին: Եթե նկատի ունենանք, որ այժմ էլ ոստիկանությունում աշխատում են անձինք, որոնք վատ վերաբերմունք են դրսեւորում մարդկանց նկատմամբ եւ անցնում են մի շարք աղմահարույց գործերով,ապա չեմ զարմանա ցանկացած նշանակման, այդ թվում՝ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի վերադարձին»,-ասաց նա:

Փաստաբանից տեղեկացանք նաեւ, որ պաշտոնյանների դեմ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայությամբ կարճվել է, ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո դիմում են ներկայացնելու Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան:

Նշենք, որ Հարություն Սարգսյանի նկատմամբ Շիրակի ոստիկանության մարզային վարչությունում եւ Երեւանում՝ ձերբակալվածների պահման վայրում գտնվելու ժամանակ բռնություններ էին գործադրվել։ Ըստ նրա բացատրության՝ իր նկատմամբ բռնություններ են գործադրել Շիրակի ոտսիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա տեղակալը, Երեւանի ոստիկանապետ, իսկ այդ ժամանակ քրեական հետախոզության վարչության պետ Աշոտ Կարապետյանը եւ մի քանի այլ ոստիկաններ։

Նշենք, որ Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Վահրամ Ենոգյանի պաշտոնանկությունը կապվում էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ժ«դեբոշների» հետ: Հենց դրանից հետո Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ արեց Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, ինչպես նաեւ այցելեց մարզ՝ հրավիրելով խորհրդակցություն, ներկայացնելով նոր ոստիկանապետին եւ հանդես գալով կոշտ գնահատականներով: Որոշ ժամանակ անց, սակայն, Վահրամ Ենգոյանը վերադարձվեց հին պաշտոնին: