Լոնդոնը պահպանել է զբոսաշրջիկների շրջանում ամենահանրահայտ քաղաքի կոչումը։ Այս մասին ասված է Master Card միջազգային ընկերության զեկույցում, որտեղ ներկայացվում է Global Destinations Cities զբոսաշրջային ամենահանրահայտ ուղղությունների ամենամյա վարկանիշը։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը 2-րդ տարին անընդմեջ ղեկավարում է աշխարհում ամենից հաճախ այցելվող 132 քաղաքների ցուցակը։ 2015թ. Լոնդոնը ընդունելու է 18.8 մլն զբոսաշրջիկ եւ այդ ցուցանիշով առաջ է անցել Բանգկոկից։

Հետազոտության հեղինակները նշում են, որ Լոնդոնը այս տարի կդառնա առաջինը նաեւ զբոսաշրջիկների կողմից ծախսվող գումարների ծավալով՝ 20.2 մլրդ դոլար։

Ըստ կանխատեսումների՝ Բանգկոկ կայցելի18.4 մլն մարդ։ Երրորդ տեղում է Փարիզը՝ 16 մլն զբոսաշրջիկ։ Դուբայը 14 մլն զբոսաշրջիկով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Ստամբուլը 5-րդ տեղում է։ Նյու Յորքը 6-րդն է այս ցուցակում, սակայն ակնկալվող ծախսերի քանակով նա զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 17.4 մլրդ։

Թոփ-20-ում տեղ են գտել այնպիսի հանրահայտ քաղաքներ, ինչպիսիք են Բարսելոնը (12), Ամստերդամը (13), Հռոմը (14), Միլանը (15), Վիեննան (18) եւ Պրահան (19)։