Մանկատներից «պռակատով» երեխաներ վերցնելու մասին հայտարարությունից հետո ոստիկանությունը ստուգումներ է սկսել: NEWS.am-ի տեղեկություններով՝ իրավապահները անակնկալ այցեր են անում, շրջում Երեւանի փողոցներում, որպեսզի պարզեն՝ իսկապես կա նման բան, թե ոչ:
Ավելին, իրավապահ համակարգից դիմել են խնդիրը բարձրացրած պատգամավորներին, սակայն նրանք հայտնել են, որ որեւէ փաստ չունեն:
Դիմեցինք ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ նյութեր են նախապատրաստվում, եթե հիմնավորված փաստեր լինեն, ապա գործ կհարուցեն, իսկ առայժմ ոչինչ չեն կարող կանխատեսել:
Նշենք, որ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, հայտարարել էր Երեւան քաղաքի մանկատներից օրավարձով երեխաներին վերցնելու եւ նրանց մուրացկանության համար օգտագործելու մասին: Զոհրաբյանը վերը նշված հայտարարությամբ հայտնել է նաեւ, որ անհրաժեշտության դեպքում կհայտնի մանկատան անունը:




























