Ամերիկյան գիտնականները հայտարարել են, որ շիմպանզեները բավականաչափ ինտելեկտ ունեն՝ սնունդ պատրաստել կարողանալու համար:

Յեյլի համալսարանի հոգեբան Ալեքսանդրա Ռոսատիի եւ Հարվարդի համալսարանի հոգեբան Ֆելիքս Ուորնեքենի անցկացրած հետազոտությունը 10 տարբեր փորձ է ներառել:

Նախ կենդանիներին հում կամ եփած կարտոֆիլ են առաջարկել: Կապիկների մեծ մասն ընտրել է եփածը: Մյուս փորձը ցույց է տվել, որ շիմպանզեները պատրաստ են համբերատարությամբ սպասել, մինչեւ ուտելիքը պատրաստվի, իսկ երրորդ եւ չորրորդ փորձերը ցույց են տվել, որ կապիկները կարող են ինքնուրույն ընտրել եւ սնունդ պատրաստել, եթե նրանց խոհարարական սարքեր տրամադրեն եւ սովորեցնեն օգտագործել դրանք:

Proceedings of the Royal Society-ի համաձայն, անցկացված գիտափորձերի արդյունքում մասնագետները հանգել են եզրակացության, որ շիմպանզեի եւ մարդու ընդհանուր նախնին նույն խոհարարական ունակություններն է ունեցել: