Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվական քարոզչաալիքն է բարձրացրել ս.թ. մայիսի 27-29-ը Խորվաթիայի Ռովին քաղաքում տեղի ունեցած՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի 100-րդ նստաշրջանի կապակցությամբ՝ կայացված որոշումները ներկայացնելով մտացածին եւ կամայական մեկնաբանություններով:

Դեռեւս 2014թ. աշնանը Սամարղանդում տեղի ունեցած՝ ՄԱԿ-ի ԶՀԿ ԳԽ 99-րդ նստաշրջանում Ադրբեջանը հանդես էր եկել կազմակերպության նպատակներին հակասող քաղաքականացված բանաձեւի նախագծով, որն առանց քննարկվելու հանվել էր օրակարգից՝ հայկական պատվիրակության ձանքերով եւ փոխանցվել էր Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կոմիտեին, քանի որ Գործադիր խորհրդի անդամները արձանագրել էին, որ հարցը հակասում է կազմակերպության առաքելությանը եւ նպատակներին:

Ռովինում կայացած նստաշրջանում Գործադիր խորհուրդն  ընդամենը քննարկել է Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կոմիտեի խորհրդատվական բնույթի առաջարկությունը՝ առանց անգամ անդրադառնալու Ադրբեջանի կողմից երկրորդ անգամ ներկայացված բանաձեւի նախագծին, չնայած ադրբեջանական կողմի ապարդյուն դիմադրությանը: Արդյունքում Գործադիր խորհուրդը պարզապես ի գիտություն է ընդունել Էթիկայի կոմիտեի խորհրդատվական առաջարկությունը՝ հստակորեն նշելով, որ տվյալ թեմայով ցանկացած այլ հարցի դեպքում միակ հղումը կարող է լինել ի գիտություն ընդունված այդ առաջարկությունը:

Հատկանշականորեն, նշված առաջարկությունում հոստակորեն նշված է, որ զբոսաշրջությունը նպաստում է «միջազգային հակամարտությունների եւ պետությունների միջեւ հակասությունների մեղմացմանը, աշխարհում խաղաղության հաստատմանը»:

Այսպիսով, փաստորեն վերջ դրվեց հետագայում եւս ադրբեջանական որեւէ նման նկրտումների հնարավոր դրսեւորմանը: Խորհրդի նիստում հանդես եկած պատվիրակությունները իրենց թե գրավոր եւ թե բանավոր ելույթներում խստորեն դատապարտեցին կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ադրբեջանական հերթական փորձը, ինչին հաջողվեց հասնել ՀՀ պատվիրակության արդյունավետ աշխատանքի արդյունքում: