Յուտայի Բիր Լեյք լճում ուժեղ փոթորկի հետեւանքով նավակի շրջվելու արդյունքում չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա:

Փրկարարական գործողությունը դժվարացել է եղանակային վատ պայմանների պատճառով. միայն 2 ժամ անց է փրկարարներին հաջողվել գտնել խորտակված նավակի ուղեւորներին, որոնք այդ ամբողջ ընթացքում ջրի մեջ են եղել:

Փոթորկի զոհ են դարձել տեղի բժշկի ընտանիքն ու նրանց ընկերները: 46-ամյա բժիշկ Լենս Կապեները մոտորանավակ է վարձել՝ կնոջ՝ Քեթիի, 7 եւ 13 տարեկան դուստրերի եւ նրանց դեռահաս ընկերների հետ զբոսնելու համար:

Բոլոր ուղեւորները փրկարարական բաճկոններով են եղել, սակայն չորսը զոհվել են ջրի ցածր ջերմաստիճանի պատճառով: Բժիշկը մահացել է ջրում սառչելու հետեւանքով, իսկ նրա դուստրերն ու նրանց ընկերը մահացել են հիվանդանոցում: