Իրեն սեռական հարաբերության առաջարկ արած Կարեն Մկրտչյանին սպանելու մեջ մեղադրվող Կարինե Սոբչենկոն մեղսունակ է, քանի որ հոգեկան հիվանդությամբ երբեւէ չի տառապել: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Երեւանի Էրեբունի եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց դատահոգեբույժ Սեդրակ Թադեւոսյանը՝ ավելացնելով, որ Կարինեն ընդամենը «էմոցիոնալ անկայուն, պրիմիտիվ անձ է», որքան էլ որ նա պնդում է, որ մանկուց հոգեկան խանգարումներ ունի եւ հաշվառված է եղել տարբեր հոգեբուժական հաստատություններում:
«Փորձաքննությամբ պարզել ենք, որ Կարինեն հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում, ուստի անմեղսունակության մասին խոսք լինել չի կարող, նա միանգամայն մեղսունակ անձ է: Նա արարքը կատարելիս չի գտնվել ցնորազառանցական ապրումների վիճակում: Նրա մոտ առկա է միայն անձի էմոցիոնալ անկայունություն եւ պրիմիտիվություն: Այդ տղամարդը Կարինեին դավադիտ է արել, մի քանի անգամ նման ոտնձգություն է արել նրա նկատմամբ, իրեն սանձարձակ է պահել, Կարինեն էլ գնացել, նրա հարցերը իր խառնվածքին, մակարդակին եւ անձին հարիր ձեւով է լուծել»,- ասաց դատահոգեբույժը:
Ինչ վերաբերում է տուժող Կարեն Մկրտչյանի կյանքը փրկելուն, որը ամբաստանյալի պաշտպանի պնդմամբ, հնարավոր է եղել, դատարան հրավիրված դատաբժիշկ Արտակ Դարբինյանը բացառեց` նշելով, որ Կարեն Մկրտչյանի ստացած վնասվածքները անհամատեղելի են եղել կյանքի հետ։ Ըստ նրա` ալկոհոլի ազդեցությունը թեեւ օգնել է մահվան ավելի ուշ վրա հասնելուն, սակայն կյանքը փրկելու հարցում, ընդհակառակը, բացասական ազդեցություն է ունեցել:
Ամբաստանյալի պաշտպան Կարինե Խաչատրյանը, այնուամենայնիվ, համառեց, որ որ տուժողին անմիջապես անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվել։
«Ես կարծում եմ, որ Կարեն Մկրտչյանին բավականաչափ արագ բուժօգնություն չի ցուցաբերվել: 30 րոպե ժամանակի կորուստ է եղել, այն դեպքում, երբ ի սկզբանե հայտնի էր, որ կա կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածք: Փոխանակ նրա բաց վերքը կարեին, դրել ճնշումն են չափել, կես ժան անցել է, հետո էլ մահն է վրա հասել»,- դժգոհեց պաշտպանը:
Նշենք, որ դատաքննությունն ավարտվեց: Գործն այժմ դատական վիճաբանությունների փուլում է:
Մեղադրող Պարույր Երիցյանը մեղադրական ճառով հանդես կգա հաջորդ դատական նիստին՝ հունիսի 9-ին:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Կարինե Սոբչենկոյին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից: Կարինեն պնդում է, որ Կարենը փորձել է բռնաբարել իրեն:




























