Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով բոլոր դատապարտվածներին դատարանի կողմից արդարացման վճիռ կայացնելուց հետո մեղադրող կողմը հայտարարել է, թե չի պատրաստվում բողոքարկել դատարանի կայացրած վճիռը։
Թուրքական IMCTV կայքի փոխանցմամբ՝ Անադոլուի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ իրենք ուսումնասիրել են ծանր հանցագործությունների գործերով Անադոլուի 4-րդ դատարանի կայացրած որոշումը, որով արադարացվել են «Մեծ մուրճ» գործով անցնող 63 մեղադրյալները, իսկ կապիտան Ալի Գյոզնաքի գործն առանձնացվել։
Դատախազության հայտարարության մեջ շեշտվել է, թե իրենց ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել չբողոքարկել դատարանի կայացրած որոշումը, որով փաստորեն, վերջնականապես փակվեց «Մեծ մուրճ» հեղաշրջման գործը։
Հիշեցնենք, որ թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։
Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։
Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:





























