Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի խորհրդարանում կայանալու են լսումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Այդ մասին հունիսի 4-ին լրագրողներին հայտնել է արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով, ԱԺ-ն մտադիր է լսումները նվիրել Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների 6-րդ ամյակին։
Հարցին, պատրաստ է արդյոք հանձնաժողովը հրավիրել քաղաքացիական հասարակության ներկաայցուցիչների կամ գործընկերների Թուրքիայից, Զաքարյանը պատասխանել է. «Մենք քննարկում ենք այդ հարցը։ Ժամանակ դեռ կա։ Դուք էլ գիտեք, որ ցանկացած լսմանը փորձել ենք ներգրավել առավելագույն թվով շահագրգիռ կողմերի»։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվեց 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրություն» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» ստորագրեցին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. փետրվարի 16-ին նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:





























