Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ արած հակահայկական հայտարարությունը ցույց է տալիս, որ Թուրքիան հեռու է ժողովրդավարությունից: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, ՀՀԿ ԳՄ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե Թուրքիայի գլխավոր թշնամիներն են՝ հայկական լոբբին, նույնասեռականները և լրագրողները, «հերթական անգամ ապացուցում է, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը տառապում է հայկական բարդույթով»:
«Սա նոր բան չէ, Էրդողանի հերթական հակահայկական հայտարարությունը ցույց է տալիս նրա իրական քաղաքական դեմքը, այն, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը դեռևս հեռու է ժողովրդավարությունից »,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Նշենք, որ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի գլխավոր թշնամիներն են հայկական լոբբին, լրագրողները և համասեռամոլները, որոնց նա մեղադրել է քրդական Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մեջ:





























