Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով անցնող հնարավոր պաշտոնյաների մասին սպանվածի հայրը ոչինչ չի ցանկանում ասել: Պետրոս Մհերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առայժմ որեւէ բան չի ցանկանում խոսել:
Դիմեցինք նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ով մեզ հետ զրույցում շեշտեց, որ ինքը որեւէ առնչություն չունի դրա հետ: «Ես ընդամենը այդ ժամանակ եղել եմ ոստիկանապետ, ինչ հարկավոր է, արել եմ, որ գործը բացահայտվի: Չեմ հասկանում՝ ինչ քննարկում է, ինչի մասին է խոսքը, իմ համար արդեն տհաճ է այս թեման»,-ասաց Ալիկ Սարգսյանը:
Նա հերքեց նաեւ լուրերը, որ գործով կարող է անցնել Շիրակի նախկին ոստիկանապետ, այն ժամանակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կարեն Բաբակեխյանը: «Ես համոզված եմ, որ նա եւս կապ չունի դրա հետ, նա ինչ արել է, արել է գործի շահերից ելնելով, որպեսզի բացահայտի սպանությունը: Նա մշտական կապի մեջ է եղել Մհերյանի հոր հետ, բացահայտման աշխատանքների շուրջ իրար հետ հաճախակի շփվում էին»,-ասաց նա:
Կարեն Բաբակեխյանի հետ չհաջողվեց կապ հաստատել, նա չի պատասխանում հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է 2009թ-ի փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից 5-ն էին նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել էր նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել էին տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել էր հանցագործության վայրից աննկատ հեռանալ:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Գեւորգ Մհերյանի սպանության քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել սպանությունը բացահայտելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում հատուկ սուբյեկտ համարվող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ։
Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում դեռեւս 2015 թվականի մարտի 27-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով։ Այն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։





























