Ավստրալիայի հյուսիսային Քիմբերլի ափում տեղաբնակների բնակավայրի տարածքում անցկացրած պեղումների ժամանակ հնագետները շուրջ 2 հազար տարեկան մարգարիտ են գտել: Այս մասին գրում է Australian Archaeology պարբերականը:

Գիտնականները վստահեցնում են, որ սա հազվագյուտ գտածո է: Նախկինում Ավստրալիայի տարածքում այդպիսի հնագույն մարգարիտներ երբեւէ չեն հայտնաբերել: Բացի տարիքից, մարգարիտն արժեքավոր է նաեւ արտասովոր գույնի եւ կատարյալ կառուցվածքի պատճառով:

Ըստ Informing-ի, մարգարիտը ոսկե-վարդագույն է, 5 մմ տրամագծով: Այն հայտնաբերած գիտնականներին նույնիսկ թվացել է, որ դա ժամանակակից արհեստական մարգարիտ է, քանի որ շատ լավ պահպանված ձեւ եւ գույն ունի: Սակայն համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ այն շուրջ 2 հազար տարեկան է:

Վուլոնգի համալսարանի դոցենտ Քեթ Սաբոյի խոսքով, տեղաբնակները մարգարտե ոստրեներն օգտագործել են անձրեւ կանչելու ծիսակարգի ժամանակ:

Հայտնաբերված մարգարիտն ուղարկել են Արեւմտյան Ավստրալիայի Ծովային թանգարան, որտեղ գտածոն մանրամասն կուսումնասիրեն, իսկ հետո կփոխադրեն ցուցասրահ: