Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ,  հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված  բերքահավաքի կազմակերպման եւ գնային քաղաքականության հարցերին:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի  ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել` բերքը հրդեհներից ու մկնանման կրծողներից պաշտպանելու եւ անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատկապես Մարտունու եւ Հադրութի շրջաններում բերքահավաքը սկսել այն դաշտերից, որտեղ արդեն երեւում են  մկնանման կրծողներ:

«Բավարար եմ գնահատում շրջաններում տարվող հակահրդեհային աշխատանքները եւ պահանջում եմ նույն ոճով  դրանք  շարունակել նաեւ նախալեռնային եւ լեռնային գոտիներում, իսկ հնձի ավարտից անմիջապես հետո՝ դաշտերը մաքրել եւ նախապատրաստել հաջորդ ցանքսին»,- նշել է վարչապետը:

Գյուղնախարար Ա. Խաչատրյանի խոսքով`  հանրապետությունում արդեն հնձվել է գարու շուրջ 400 հեկտար ցանքատարածություն՝ 31 ցենտներ նախնական միջին բերքատվությամբ: Գարու ակնկալվող մոտ 45 հազար տոննա բերքն ընդունելի գներով մթերելու հարցը խորհրդակցության հիմնական թեման էր, մանավանդ, որ Արցախի եւ Հայաստանի հանրապետություններում դրա պահանջարկը քիչ է՝ ցորենի համեմատությամբ:

Անդրադառնալով գարու մթերման հնարավոր գնին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Բանակցություններ են տարվում Հայաստանի Հանրապետության՝  գարի մթերող խոշոր ընկերությունների հետ` Արցախից արտահանվող գարին անցած տարվա գնով՝ 115 դրամով ընդունելու համար: Բացի դրանից, «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» պահեստներում գարին կընդունվի 105 դրամով, ինչը նշանակալի աջակցություն կլինի արտադրողներին: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող  հողօգտագործողները կարող են փոխանակման եղանակով պայմանավորվածություններ ձեռք բերել հիմնադրամի հետ»:

Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ գյուղտեխնիկայի բավարար քանակի ապահովման եւ խոտհարքի  կազմակերպման հետ կապված հարցեր: Ցորենի գնի ձեւավորման հարցում պետական միջամտության չափը կորոշվի ավելի ուշ` բերքահավաքի մեկնակից  եւ շուկան ուսումնասիրելուց հետո: