Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում չի բացառել, որ հետագայում ծառայությունը կարող է շարունակել Հայաստանում՝ միաժամանակ հայտնելով, որ առայժմ որեւէ առաջարկ չի ստացել:

«Ես զինվորական մարդ եմ, հրաժարականը ո՞րն է, իմ պաշտոնը զինվորական պաշտոն է։ Որտեղ անհրաժեշտ եմ, ղեկավարս իմանալու է: Որեւէ բան չի բացառվում զինվորականի կյանքում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է քննարկվում նրան Հայաստան տեղափոխելու հարցը, պատասխանեց, թե վերլուծաբան չէ, չի կարող կռահել: Թե ով կփոխարինի իրեն տեղափոխվելու դեպքում, ասաց՝ թեկնածուներ շատ կան, բայց անուններ չնշեց:

Նախկինում եւս ղարաբաղցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Ստեփանակերտում պաշտոնանկ լինելուց հետո դարձել են հայաստանյան քաղաքական կամ հասարակական էլիտայի ներկայացուցիչներ: Նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը 2007-ի նախագահական ընտրություններին պաշտոնից հրաժարական տալուց անմիջապես հետո Երեւանում նշանակվեց «Արդշինինվեստբանկի» խորհրդի անդամ: Ազգային ժողովի նախկին նախագահ ու նախկին վարչապետ Օլեգ Եսայանն էլ դեռ 2005-ին Երեւանում ստանձնել է Հայաստանի Արժեթղթերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այնուհետեւ իր գործունեությունը շարունակել դիվանագիտության մեջ՝ աշխատելով որպես Հայաստանի դեսպան Բելառուսում, այնուհետեւ Ռուսաստանում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: