NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում իրավապաշտպանների դրության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորսթի, լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի եւ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Նիլ Մույժնիեքսի՝ Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված հոդվածը:

Հունիսի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկում են առաջին Եվրոպական խաղերը: 50 երկրից ավելի քան 6 հազար մարզիկներ են պայքարելու մեդալների համար՝ հրահրելով միլիոնավոր եվրոպացիների կրքերը: Հույս ունենք, որ նրանք նաեւ ոտքի կկանգնեն, որպեսզի կանգնեցնեն այդ երկրում իրավապաշտպանների դեմ հարձակումները:

Վերջին տարիներին, հատկապես՝ վերջին 12 ամիսներին, անհամաձայնության արտահայտումը կամ իշխանություն ունեցողների հանդեպ ուշադրությունը  ռիսկային է Ադրբեջանում: Մեծ թվով լրագրողներ եւ իրավապաշտպաններ հսկայական ճնշման տակ են եւ քննադատություն չհանդուրժող քաղաքական համակարգում կորցնում են ազատությունը:

Բռնաճնշումների այդ ալիքն ուղղված է նաեւ օտարերկրացիների դեմ: Լրագրողները ոչ կառավարական կազմակերպությունների անդամներն ու ՄԱԿ-ի պաշտոնատար անձիք նույնպես իրենց վրա զգացել են հետապնդումների եւ խոչընդոտների կոպիտ զինանոցը, որոնք ադրբեջանական իշխանություններն օգտագործում են՝ քննադատությունը լռեցնելու համար:

Ադրբեջանի կառավարությունը պաշտպանում է իր քաղաքականությունը՝ պնդելով, որ այդ ամենը վերաբերում է այդ անձանց կողմից իրագործած ապօրինի գործողություններին:

Իսկ մենք համաձայն չենք: Մենք տարիներ շարունակ համագործակցել ենք այդ ակտիվիստների եւ լրագրողների հետ եւ լավ ենք ճանաչում նրանց: Նրանք ամենեւին էլ հանցագործ չեն:

Իրականությունն այն է, որ օրենքի գերակայությունը խեղաթյուրվում է՝ բռնաճնշումներն արդարացնելու համար. քրեական գործերը հարուցվել են՝ այլախոհներին պատժելու համար; օրենսդրություն է ստեղծվել՝ հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու համար; ոստիկանությունն օգտագործվում է՝ խաղաղ ցուցարարներին ճնշելու համար:

Ժամանակն է կասեցնել այդ ամենը, եւ սպորտը կարող է օգնել: Համենայն դեպս, մարզիկները պետք է տեղեկացված լինեն այն երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակի մասին, որտեղ մրցելու են: Նրանք կարող են ցանկություն հայտնել բարձրացնել այդ հարցերը իրենց ընդունող կողմի կամ տեղի մարզիկների հետ զրույցներում եւ նույնիսկ իրենց հանրահայտությունն օգտագործել՝ անարդարացիորեն ձերբակալվածներին աջակցելու համար:

Հույս ունենք, որ նրանք ճիշտ ընտրություն կանեն եւ կօգտագործեն այդ խաղերի ոգին, որպեսզի կանգնեցնեն բռնաճնշումների միտումները նրանց դեմ, ովքեր ոչինչ չեն արել՝ մարդու իրավունքների գերակայությունն ապահովելուց բացի: