Մեծի Տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ: Այս մասին գրում է Ամերիկայի հայկական «Asbarez» պարբերականը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հոգեւոր առաջնորդը վարչապետին շնորհակալություն է հայտնել Կանադայի կողմից այդ հանցագործության ճանաչման համար, ներկայացրել իր մտահոգությունները Սիրիայի հակամարտության եւ տարածաշրջանի քրիստոնյաների ու հայերի վրա դրա ազդեցության առիթով:
Արամ I-ը Սթիվեն Հարփերին տեղեկացրել է Թուրքիայի Սահմանադրական դատարան Կիլիկիո Կաթողիկոսարանի ներկայացրած հայցի մասին, որի նպատակը Սիսի պատմական կաթողիկոսական նստավայրը վերադարձնելն է:
Բացի այդ, Կիլիկիո կաթողիկոսը Կանադայի վարչապետին «Կիլիկիո արքայազն» մեդալ է հանձնել, որը Կիլիկիո կաթողիկոսության բարձրագույն պարգեւն է:





























