Oriflame Fashion Night-ը Հայաստանում միավորել է շատ տաղանդավոր դիզայներների: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին կայացած ասուլիսում, ասաց Օրիֆլեյմի հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը՝ նշելով, որ հունիսի վեցին, երեկոյան, Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկող Oriflame Fashion Night-ում կներկայացվի հայ դիզայներների հավաքածուները (ֆոտոռեպորտաժ):

«Oriflame Fashion Night-ին ներկաները կտեսնեն, թե որքան գեղեցկություն, որքան նրբագեղություն կա Հայաստանում։ Օրիֆլեյմ ընկերությունը, որը հատկապես վերջին տարիներին առավել հաճախ ասոցացվում է նորաձեւության աշխարհի հետ, մշտապես փորձում է արտադրանքը համապատասխանեցնել վերջին միտումներին։ Մեր ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում դառնում է նորաձեւության շաբաթների պաշտոնական գործընկերը։ Հայաստանում, ցավոք, դեռեւս նմանատիպ հարթակ չկա։ Ուստի, մենք փորձեցինք ստեղծել այն՝ միավորելով հայ դիզայներներին «Oriflame Fashion Night» մասշտաբային միջոցառման շուրջ»,- ասաց Նաիրան։

Ըստ նրա՝ Հայաստանի 6 առաջատար դիզայներներ կներկայացնեն իրենց վերջին հավաքածուները։

Oriflame Fashion Night-ի կապակցությամբ Հայաստան են ժամանել նաեւ Օրիֆլեյմ ընկերության՝ Ուկրաինայի, Կովկասյան երկրների եւ Մոլդովայի փոխնախագահ Նիքլաս Պալմքվիստը եւ Օրիֆլեյմի ստեղծարար տնօրեն, պաշտոնական դիմահարդար Յոնաս Վրամելը։ Վերջիններս նշեցին, որ ուրախ են աջակցելու հայ դիզայներներին՝ իրենց նոր հավաքածուները ներկայացնելու հարցում:

Նշենք, որ երեկոյի ընթացքում ընկերությունը քաղաքացիներին առաջարկվելու է անվճար մատնահարդարում եւ Օրիֆլեյմի բույրերի փորձարկում։

Յոնաս Վրամելը խոսեց սեզոնի նոր միտումների մասին:

«Ամեն  սեզոն իր հետ բերում է նոր միտումներ։ Աշխատանքի բերումով ես մշտապես հետեւում եմ նորաձեւության միտումներին։ Ինձ համար ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ ամեն ինչ՝ ճանապարհորդությունը, նոր ռեստորանները, նոր ուտեստների համտեսումը, նոր բույրերի փորձարկումը եւ ամենակարեւորը՝ մարդիկ ու նորաձեւության ցուցադրությունները»,- նշեց նա։

Վերջինս, ծանոթանալով հայ դիզայներների հավաքածուներին, որոնք կներկայացվեն այսօր երեկոյան, ասաց, որ դրանցից  ամեն մեկը յուրահատուկ ու տարբեր է։

Ասուլիսին ներկա էին նաեւ մասնակից դիզայներներ Արեւիկ Սիմոնյանը, Ֆաինա Հարությունյանը, Գեւորգ Շադոյանը, Արամ Նիկոլյանը եւ Միկա Դանիելյանը, որոնք ցանկություն հայտնեցին, որ հաճախակի կազմակերպվեն նմաանատիպ միջոցառումներ։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am