Հունիսի 5-ի գիշերը Բաքվում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ամուսնու հանդեպ խանդից խենթացած կինը սպանել է դուստրերին եւ փորձել ինքնասպանություն գործել:

Ըստ Vesti.Az-ի, դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հայտնաբերել է արյունաքամ եղած 27-ամյա Նասիբա Գուրբանովային, իսկ նրա կողքին պառկած են եղել 4-ամյա Այանն ու 10 ամսական Այշան:

Դեպքի վայրում իրավապահները մահից առաջ Նասիբայի գրած նամակն են գտել: Նա գրել է, որ այլեւս չի կարող այդպես ապրել, իսկ դուստրերին ոչ ոքի չի վստահում: Վիրավոր կնոջը հիվանդանոց են տեղափոխել:

Երեխաների սպանության մասին ոստիկանությանը հայտնել է Գուրբանովայի ամուսնու եղբայրը: Ծանր վիրավորված Նասիբա Գուրբանովան նախնական հարցաքննության ժամանակ պատմել է, որ երեխաներին սպանել է ամուսնու՝ Ասիֆ Գուրբանովի հանդեպ խանդից դրդված, ով կես տարի է՝ դավաճանում է իրեն: Նա խոստովանել է, որ ցանկացել է բաժանվել ամուսնուց, սակայն երկու երեխաների հետ նրան ոչ ոք չի ընդունել:

Գուրբանովան նշել է, որ նախ երեխաներին ջրածնի պերօքսիդ է խմեցրել, որպեսզի նրանք թունավորումից մահանան, իսկ երբ տեսել է, որ դա չի ազդում, կտրել է նրանց կոկորդը: Դրանից հետո դանակահարել է նաեւ իրեն եւ կորցրել գիտակցությունը: