Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանն ու նրա մի քանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք վերցնելու եւ քաղաքացուն կեղծ անձնագիր տալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտյոմ Սեդրակյանը Հայաստանից բացակայող Ա.Սլոյանի կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5 հազար ԱՄՆ դոլար, ապա սակարկելուց հետո 2013թ. օգոստոսին ստացել է 4500 ԱՄՆ դոլոր կաշառք: Այնուհետեւ Սեդրակյանը հանրային ծառայող Սոֆիա Ունուսյանին անձամբ տվել է 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Ապա արդեն Ալոյանի համար ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել:
Սեդրակյանին այս հարցում օգնել են նաեւ բաժանմունքի առաջին կարգի մասնագետներ Աիդա Սարգսյանը, Գոհար Զարգարյանը, տեսուչ Վահագն Գեւորգյանը, որոնց նույնպես մեղադրանք է առաջադրվել:
Բացի դրանից՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ Նավո Սլոյանին, որն իր թոռան՝ Ալբերտ Սլոյանի համար կեղծ անձնագիր հանելու համար 4500 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Արտյոմ Սեդրակյանին:
Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312,1-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
Աիդա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312,1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սոֆիա Ունուսյանին եւ Գոհար Զարգարյանին՝ 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Վահագն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Նավո Ալոյանին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Արտյոմ Սեդրակյանը կալանավորված է, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:





























