Թուրքիայում քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին 10%-ով ավելի ձայն է հավաքել, քանի որ ցույց են տվել, որ հետաքրքրված են ամբողջ պետության խնդիրներով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:

Գոչունյանի խոսքով՝ քրդական կուսակցությունն ամբողջ քարոզարշավի ընթացքում էլ հայտարարել է, ապացուցել, որ իրենց միայն քրդական խնդիրները չէ, որ անհանգստացնում են:

«Քրդական կուսակցությունը ցանկանում է վերանալ «քրդական կուսակցություն» լինելուց եւ դառնալ կուսակցություն, որին հետաքրքրում է ամբողջ Թուրքիայի խնդիրները թե տնտեսական, թե սոցիալական: Կարծում եմ՝ նաեւ դրա շնորհիվ են քրդերն այդքան ձայն հավաքել: Առաջիկայում կտեսնենք, թե ինչպիսի մթնոլորտ կլինի խորհրդարանում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ քրդական կուսակցությունն առաջին անգամ է անցել Թուրքիայի խորհրդարանում: Նշենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը հավաքել է 40.8% ձայն, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը՝ 24.96%, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը՝ 13,10%: