Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում անհայտ տղամարդը առեւանգել է բուլդոզերը, դրանով ճզմել 3 մեքենա եւ ավերել մեկ տուն, գրում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով ոստիկանության տեղեկությունները։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ի առավոտյան։ 48-ամյա տղամարդը, ում անունը չի հաղորդվում, Լեյք Մաքուորի քաղաքում գողացել է ձեռնարկություններից մեկի բուլդոզերը եւ դրանով ուղեւորվել քաղաքի թաղամասերից մեկը, որտեղ ճզմել է 3 ուղեւորատար մեքենա, իսկ դրանից հետո բուլդոզերով մխրճվել է տան մեջ։

Ժամանակին վրա հասած հարեւանը օգնել է 56-ամյա կնոջը դուրս գալ տանից  իր 15-ամյա եւ 20-ամյա դուստրերի հետ, նախքան մեքենան կքանդեր տունը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են իրավախախտին եւ տարել ոստիկանական տեղամաս։ Ըստ ոստիկանության տվյալների՝ կինն ու նրա աղջիկները ճանաչում են տղամարդուն։ Նրա դրդապատճառները անհայտ են։ Տարվում է հետաքննություն։