Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առանձնազրույցներ է ունեցել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի, Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջաթիի, Իտալիայի  գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի և այլ պաշտոնատար անձանց  հետ:  Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Առանձնազրույցի ժամանակ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը Հայաստանի գյուղատնտեսության նախարարին հրավիրել է Վրաստանի Հանրապետություն: Իսկ  Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ առանձնազրույցի ժամանակ Հայաստանի Հանարպետության գյուղատնտեսության նախարարը վերահաստատել է   Հայաստան  այցելելու մասին իր հրավերը:

Հռոմում ընթացող ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի 39-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել նաև ՊԳԿ գլխավոր տնօրենի ընտրությունը, որի արդյունքներով  վերընտրվել է  գործող տնօրեն Գրացիանո դա Սիլվան:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  ՀՀ նախագահի և վարչապետի անունից  շնորհավորել է ՊԳԿ գլխավոր տնօրենին վերընտրվելու կապակցությամբ  և նրան հրավիրել է   Հայաստան:

Ի պատասխան ՊԳԿ նորընտիր գլխավոր տնօրեն  Գրացիանո դա Սիլվան նշել է, որ այս տարի անպայման կայցելի Հայաստան: