Այսօր՝ հունիսի 8-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց պաշտոնական այցով Գյումրի ժամանած Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակությունը` Սիանի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ, որի կազմում էին ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ գործարարներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց հյուրերին՝ շեշտելով հայ եւ չինացի ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերը, այդ թվում՝ Գյումրի եւ Սիան քաղաքների միջեւ համագործակցությունը: Ըստ Սամվել Բալասանյանի, դեռեւս 2013թ.-ից  երկու քաղաքների միջեւ առկա է ակտիվ երկխոսություն եւ համագործակցության խորացման համար բարենպաստ պայմաններ:

Իր հերթին Սիանի քաղաքապետ Դոն Ցզյունը կարեւորեց իրենց այցը Գյումրի, միաժամանակ ընդգծելով, որ Գյումրին եւ Սիանը Մետաքսի ճանապարհի կարեւորագույն  քաղաքներից են, որոնք ունեն հարուստ պատմություն ու մշակույթ: Երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին աջակցելու համագործակցային կապերի ամրապնդմանը: Հանդիպման վերջում տեղի ունեցավ Տերրա Կոտա արձանի բացումը, որը Սիան քաղաքի նվերն է Գյումրիին:

Այցի շրջանակներում նախատեսվում է «Գյումրի-Սիան»  գործարար համաժողով՝ հայ եւ չինացի գործարարների մասնակցությամբ: