Հասարակությանը տեղեկացնում ենք, որ «Բարեւ Երեւան» խմբակցությունը 2015թ. Երեւանի բյուջեում ունեցել է 17, իսկ 2015թ. Երեւանի զարգացման ծրագրում` 8 առաջարկություն: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
Բյուջեի 17 առաջարկություններից 2-ն արդեն իրականացվել են, մասնավորապես Նազարբեկյան 31 շենքի եւ հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ.Սեւակ մայրուղուց դեպի Սեւակի 2-րդ շենք տանող 100մ. փողոցի ասֆալտապատումը, իսկ որոշները` ընթացքի մեջ են, մի քանիսն էլ ի սկզբանե մերժվել են, ինչպես օրինակ Էրեբունի վարչական շրջանի մանկական պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգումը:
2015թ. Երեւանի զարգացման ծրագրում արված 8 առաջարկություններից 4-ն արդեն իրականացվել են, որոնցից յուրաքանչյուրը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային են դարձնում Երեւանի ենթակայության նախադպրոցական եւ հանրակրթական բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, մասնավորապես Երեւանի կայքում արդեն տեղադրված են բոլոր դպրոցների տարիֆիկացիաներում առկա թվային տեղեկությունները, ֆինանսական փաստաթղթերը, հաստիքացուցակները, նախահաշիվներն ու դրանց կատարողականների մասին փաստաթղթերը: Ինչպես նաեւ արդեն ստեղծվել է մանկապարտեզներ հաճախող եւ հերթագրված երեխաների հաշվառման էլեկտրոնային ծրագիրը, որը քաղաքապետի հանձնարարությամբ կգործարկվի ս.թ. սեպտեմբերի 1-ից, մինչ այդ այն մանկապարտեզները, որոնք դեռեւս տեխնիկապես զինված չեն, կհամալրվեն: Երեւանի քաղաքապետարանի կայքն այս առումով ընդօրինակելի է ԿԳՆ-ի եւ Հայաստանի համայնքների համար, որոնք իրենց ենթակա հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբերյալ նման տեղեկատվություն հրապարակում:
Զարգացման ծրագրում առաջարկվել էր նաեւ ավարտին հասցնել նախկինում սեփականաշնորհված, ապա 2014-ին համայնքին վերադարձված Էրեբունու Ազատամարտիկների այգու 1000ք.մ. տարածքը, որն արդեն իրականություն է եւ ամբողջությամբ ծառայում է բնակիչներին:
«Բարեւ Երեւան» խմբակցությունն այսուհետ էլ հետամուտ է լինելու Երեւանի բյուջեում եւ զարգացման ծրագրում ընդունված իր առաջարկություների իրականացման ընթացքին:





























