ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններն անցել են առանց որեւէ խախտման:

Այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընտրությամբ ժողովուրդն իր ազատ կամքն է արտահայտել:

«Ես չգիտեմ՝ ԲՀԿ-ի կողմից ով է սատարվել, գիտեմ, որ հաղթել է ՀՀԿ-ի կողմից սատարվող թեկնածուն: Ընտրություններն անցել են նորմալ մթնոլորտում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ նախորդ օրը կայացած՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել էր  Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանը:

Նշենք, որ Աբովյանում քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կարո Գուլոյանի  մարզպետ նշանակվելուց հետո։ Առաջադրվել էին Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում էր նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է:

Առաջադրվել էին նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել էր «Պալաչին» խանգարելու համար:

Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել էր նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: