ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարելիք այցի ընթացքում կարող է հանդիպում ունենալ թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Նա հիշեցրել է, որ Պուտինը Ադրբեջանում կլինի հունիսի 12-13-ը եւ կմասնակցի առաջին եվրոպական խաղերի բացման արարողությանը: «Նախագահը Բաքու կմեկնի Կրեմլում Ռուսաստանի օրվա հանդիսավոր ընդունելությունից հետո»,- պարզաբանել է Ուշակովը:

«Հունիսի 13-ին Պուտինը զրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Սկզբում հանդիպումը կլինի նեղ կազմով, իսկ հետո պատվիրակությունների մասնակցությամբ աշխատանքային նախաճաշի ձեւաչափով»,-պարզաբանել է Ուշակովը: Նրա խոսքով՝ նախագահները կարող են քննարկել առեւտրատնտեսական համագործակցությանը, քաղաքական ոլորտին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Բաքու պլանավորած այցի ընթացքում Պուտինը կարող է հանդիպել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ուշակովը հայտնել է, որ հունիսի 8-ին Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցերը: