Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները ընթացել են ընդհանուր առմամբ ժողովրդավար պայմաններում, սակայն դրանց ընթացքում տեղի են ունեցել մի շարք խախտումներ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Թինի Կոքսը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Դրական երեւույթներից մենք նշել ենք քվեարկողների մասնակցության բարձր մակարդակը՝ որպես Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի ցուցիչ: Երկրի իշխանությունները անվտանգության ադեկվատ միջոցներ էին ձեռնարկել եւ լավ էին կազմակերպել արտասահմանում Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունը: Մենք նաեւ նշել ենք կանանց ակտիվ մասնակցությունը թե՛ ընտրազանգվածների մեջ, թե՛ պատգամավորների թեկնածուների ցուցակում»,- ասել է Կոքսը:

Միաժամանակ դիտորդները ուշադրություն են հրավիրել մի շարք բացասական երեւույթների վրա, որոնք բացասաբար են անդրադարձել նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նկատել ենք բռնության ակնհայտ դեպքեր, ընդ որում, մեկ կուսակցության նկատմամբ: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը, իր կարգավիճակի համաձայն, պետք է չեզոքություն պահպաներ, ակտիվ մասնակցում էր նախընտրական քարոզարշավին, ակտիվ պաշտպանում էր իր կուսակցությունը՝ քննադատելով ընդդիմությանը: Նա անխոս իրավունք ունի դիմել իր ժողովրդին, սակայն նա չպետք է չարաշահի այդ իրավունքը հատկապես ընտրությունների նախաշեմին»,- ասել է առաքելության ղեկավարը: Կոքսը ընդգծել է, որ թուրքական իշխանությունները ճնշում են գործադրել մամուլի վրա, ինչը անթույլատրելի է ժողովրդավար հասարակություններում: Ըստ Կոքսի՝ եւս մեկ բացասական երեւույթ է 10 տոկոս անցողիկ շեմը:

ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել երկրի 9 քաղաքներում: