Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրությունների արդյունքները տեղեկանալուց հետո հանդես է եկել հայտարարությամբ։

Թուրքական CNNturk-ի հետ հարցազրույցում CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին։

Դավութօղլուի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության կուսակցության հետ կոալիցիա կազմելու հավանականությունը հերքող Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել է կոալիցիա կազմել «Ազգայնական շարժում» (MHP) եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հետ, կամ էլ նրանցից մեկի հետ՝ ստանալով 3-րդ կուսակցության աջակցությունը։

«Ընտրություններն ավարտվեցին եւ չպետք է երկիրը մնա առանց կառավարության։ Միակուսակցական տարբերակն այլեւս   չստացվեց։ Ժողովուրդն ուզում է, որ համաձայնության գան կուսակցությունները, սակայն օրակարգում AKP-ն չկա»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։

Նշենք, որ հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում AKP-ն ստացել է 40.8, CHP-ն՝ 24.96, MHP-ն՝ 16.3 եւ քրդական HDP-ն՝ 13.1 տոկոս ձայն։