Գոյություն ունեն ֆինանսական ոլորտի կառույցներ, որոնք աշխատում են առանց ավելորդ աղմուկի եւ կոմերցիոն բանկերին հատուկ կպչուն գովազդի: Դրանք մեր քաղաքացիներին լավ հայտնի «հին եւ բարի» գրավատներն են: Հատկապես նրանց, ովքեր ցանկանում են առանց ավելորդ քաշքշուքի եւ հատուկ փաստաթղթային պահանջի արագորեն գումար գտնել:
Գումարներն, իհարկե, հսկայական չեն, բայց տոկոսները, նույնիսկ մեր պայմանների համար, շատ բարձր են: Հետեւաբար մարդիկ փորձում են այն ձեւակերպել կարճ ժամանակով:
Հայրենական բազմաթիվ գրավատներ հին մեթոդով են աշխատում՝ որպես գրավ վերցնելով հուսալի թանկարժեք մետաղներ եւ քարեր: Սակայն առաջընթացը չի շրջանցել նաեւ պահպանողական այս ոլորտը: Առանձին գրավատներ, բացի թանկարժեք իրերից, սկսել են նաեւ որպես գրավ բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ եւ ժամանակակից էլետրոնային այլ տեխնիկա վերցնել:
Բնականաբար, վարկեր են տրամադրվում նաեւ ավտոմեքենաների գրավի դիմաց, որոնց պարկը վերջին տարիներին զգալիորեն աճել է: Սակայն, ամեն դեպքում, նախընտրելի են համարվում ոսկին եւ ադամանդը: Նշենք, որ մի շարք գրավատներում նաեւ շվեյցարական ժամացույց եւ անտիկ իրեր են վերցնում:
Անցյալ տարվա տվյալներով, Հայաստանում 142 գրավատուն կա: Նախորդող տարում դրանց թիվը 6 միավորով ավելին է եղել: Վերջին երեք տարիներին գրեթե կրկնակի կրճատվել է նաեւ գրավատնային վարկերի ընդհանուր գումարը՝ 15.2 մլրդ դրամից հասնելով 8.3 մլրդ դրամի: Արդյո՞ք դա նշանակում է, որ գրավատների դարն ավարտվում է: Վիճելի հարց է:
ԱՄՆ-ում ավելի քան 16 հազար գրավատուն կա: Իսկ, ասենք, Ֆրանսիայում դրանք շատ ավելի քիչ են՝ 50-ից էլ պակաս: Իհարկե, դրանցից շատերը մասնաճյուղեր ունեն, ինչը զգալիորեն ընդլայնում է գործունեության ոլորտը: Քանի դեռ մարդիկ միայն գրավի դիմաց արագորեն գումար ստանալու կարիք ունեն, գրավատները կշարունակեն գոյություն ունենալ:





























