Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում հունիսի 7-ին մահացած հայտնաբերված 93-ամյա Սաբհա Մանսուրին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

NEWS.am-ի տեղեկություններով, նա մոտ կես տարի է՝ ապրում է Հայաստանում: Հյուսիսային պողոտայի իր բնակարանում կինն ապրում էր երեք դուստրերի հետ, որոնցից մեկն էլ բժշկուհի է: Նա բազմաթիվ առողջական խնդիրներ ուներ:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, արյունազեղումներ` դեմքի, պարանոցի շրջաններում, կոկորդի փափուկ հյուսվածքներում, ենթալեզվային ոսկրի կոտրվածք, ինչպես նաև՝ կրծոսկրի մարմնի, աջից և ձախից` կողերի կոտրվածքներ, բժշկական միջամտությունների հետքեր:

Նախնական ախտորոշման համաձայն՝ Ս.Ս.Մանսուրի մահվան պատճառ է դարձել մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետևանքով: