Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյուքներն արդեն Թուրքիային քաղաքական անորոշության փուլ են մտցրել, ինչ արդեն  արագ բացասական ազդեցություն ունեցավ տնտեսության վրա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետեւանքով ընտրություններում հաղթել է «Էրդողանը չլինի, ով ուզում է լինի» սկզբունքը։

Իշխող կուսակցության ձայների կորուստի հսկայական մասը թուրքագետը պայմանավորեց Էրդողանից հիասթափված քուրդ քաղաքացիներով։ Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքների պատկերը ցույց է տալիս, որ հիմնականում քրդաբնակ շրջաններում, որտեղ նախորդ ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում»  կուսակցությունը ստացել էր 50 տոկոսին մոտ ձայն, այս անգամ այդ ձայներն իջել են 20 տոկոս, իսկ որոշ դեպքերում մինչեւ 5 տոկոս։

Իսպիրյանի խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով արդեն նախկին իշխող կուսակցությունը չի կարող միանձնյա կառավարություն ձեւավորել եւ ստիպված կլինի ընտրել կոալիցիա կազմելու, «փոքրամասնություն կառավարություն» կազմելու, ընդդիմություն դառնալու եւ կոալիցիա կազմելը մյուս 3 կուսակցություններին թողնելու կամ էլ վաղաժամ ընտրությունների գնալու տարբերակը։

«Ընտրությունների այս արդյունքը Թուրքիային կարծես տանում է  քաոսային «հին ու բարի» ժամանակները, երբ երկրում կոալիցիոն կառավարությունների ստեղծման աշխատանքները երկրում քաղաքական անկայություններ էին ստեղծում»,-նշեց Իսպիրյանը՝ պնդելով, որ ընտրությունների արդյունքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինելու։