Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացած ոչ առեւտրային նշանակության տրանսֆերտները կրճատվել են ավելի քան 162 մլն դոլարով կամ մոտ 35 տոկոսով։

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների կրճատման միտումների տեսակետից ապրիլը բացառություն չէր։ Այդ ամիս բոլոր երկրներից տրասնֆերտների ընդհանուր հոսքը տարեկան հաշվարկով կրճատվել է 37.4 միլիոնով կամ 28.1 տոկոսով։

Փոխանցումների նվազումը նկատելի է եղել բոլոր երկրներից, որտեղից որ Հայաստանում բնակվող ֆիզիկական անձինք ոչ առեւտրային դրամական փոխանցումներ են ստանում։ Միայն ԱՄՆ-ից կատարվող փոխանցումներն են, որ ապրիլին աճել են 2.6 մլն-ով կամ 33.9 տոկոսով։ Սակայն այդ դրական աճը աննշան է եղել տրանսֆերտների անկման դինամիկայի ֆոնին։

Ինչպես անցյալ ամիսներին, ապրիլին որոշիչը եղավ «ռուսական» տրասնֆերտների անկումը՝ մոտ 38.6 մլն-ով կամ 35.4 տոկոսով։ Պատճառը  բոլորին հայտնի է. Ռուսաստանում տիրող տնտեսական ճգնաժամը, որը զգալիորեն խորացել է Արեւմուտքի երկրների կիրառած պատժամիջոցների պատճառով։

Բավարիայում օրերս կայացած G7 գագաթնաժողովը հույսեր չի թողել, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կարող են մինչեւ տարվա վերջ չեղյալ հայտարարվել։