ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կոդզո Ալաբոն (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ, նշելով, որ Հայաստանը կարեւորում է Գանայի հետ քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի հետ:
Դեսպան Ալաբոն հանդիպման սկզբում նախ Գանայի Հանրապետության Նախագահի երախտագիտությունն է փոխանցել ՀՀ Նախագահին՝ օրերս Աքրա քաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ Նախագահի ցավակցական հեռագրի եւ այդ ողբերգության ծանր պահին Գանայի ժողովրդի կողքին լինելու եւ կարեկցելու համար:
Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում անկեղծ նվիրումով կաշխատի Հայաստանի եւ Գանայի միջեւ հարաբերությունների ամրապնդման ու տարբեր բնագավառներում փոխգործակցության ներուժի բացահայտման եւ լիարժեք օգտագործման ուղղությամբ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ակտիվ շփումները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումն ամուր հիմքեր կստեղծեն մի շարք ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն եւ այլն, համագործակցությունը զարգացնելու համար:
Սերժ Սարգսյանը եւ դեսպան Ալաբոն գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության մասին:






























