Էլեկտրաէներգիան թանկանալու է ոչ թե 7 դրամով, այլ 6.93 դրամով: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունն այժմ հաշվարկում է, թե հոսանքի թանկացումն ինչ ազդեցություն է ունենալու երկրի տնտեսության վրա, իսկ նպաստառու ընտանիքներին պետությունը մտադիր է աջակցել:

«Մենք բաց եւ թափանցիկ ենք լինելու, որ հասարակությանը բացատրենք, թե ինչ է տեղի ունենում: «ՀԷՑ»-ի շքեղությունները, որոնց մասին այդքան խոսվում է, սակագնում չեն ներառվելու։ Այդ մասին ասել է ՀԾԿՀ-ն եւ կարծում եմ, Կառավարությունը հետեւողական կլինի»,- հայտարարեց վարչապետը։

Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կբտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում է սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: