Չի բացառվում, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ ընդդիմությունը համագործակցի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Բիշարյանը հիշեցրեց, որ հոսանքի թանկացման դեմ առաջին բողոքի ակցիան կազմակերպել են հենց իրենց կուսակցությունը։
«Համագործակցությունը դեռեւս քննարկման առարկա չէ այս րոպեին։ Մենք առաջինն էինք, որ անցած տարի հոսանքի թանկացման դեմ պայքար սկսեցինք։ Այժմ նոր գործընթաց է սկսվում, մենք մասնակից ենք լինելու բոլոր նմանատիպ պայքարի ձեւերի, որովհետեւ անօրինականություն է տեղի ունենում։ Մեզ համար անընդունելի է հոսանքի թանկացումը»,- ասաց Հեղինե Բիշարյանը։
Նշենք, որ «ՀԷՑ»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիան 40%-ով թանկացնելու հայտով։





























