2015թ առաջին 6 ամիսներին գազալցակայաններում պայթյունի 4 դեպք է գրանցվել, որի արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 2 հոգի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:
Նա նշեց, որ դեպքերի մեծ մասը անվտանգության կանոնների խախտման պատճառով են: Օրինակ՝ դեպքերից երկուսով գազալցակայանները փորձաքննություն չէին անցել, խոսքը գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող Չարենացավանի եւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Էջմիածնի գազալցակայանների մասին է: Իսկ Գառնիի եւ Մալաթիայի դեպքերում փորձաքննություն անցել էին, այստեղ գազի բալոնների խնդիրն է:
Վոլոդյա Հովսեփյանը շեշտեց, որ այժմ հրահանգված է բոլոր գազալցակայններին լիցքավորելուց առաջ պահանջել գազի բալոնի փաստաթղթերը: ՏԿԱԻՆ-ում ձեւավորվել է հանձնաժողով, որը ուսումնասիրում է գազալցակայնների վիճակը, ստուգում՝ անցել են փորձաքննություն, թե չէ, անհրաժեշտության դեպքում՝ կասեցնում շահագործումը, տուգանում եւ այլն: Տեղի ունեցած 4 դեպքերից երեքով գազալցակայններն այժմ փակ են, խոսքը Չարենացավանի, Էջմիածնի եւ Գառնիի դեպքերի մասին է:





























