Ռուս պաշտոնական անձինք ըմբռնումով են մոտեցել ոչ կոռեկտ հայտարարությունների մասին հայկական կողմի այդ փաստարկներին։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքները։ Նիստը կայացել է հունիսի 5-ին Յակուտսկում։

«Հիմա դրանք առաջվա պես չեն հնչում։ Առաջ Հայաստանը հաճախ անվանում էին Ռուսաստանի «ֆորպոստ» կամ «ռազմաբազա»։ Գործընկերները ընդունել են իրենց սխալը։ Կան մարդիկ, որոնք Դումայում իրենց կարծիքն են արտահայտում, բայց դա համընդհանուր չէ։ Սա մեր բաց եւ ազնիվ երկխոսության արդյունքն է»,- հայտարարեց Հակոբյանը։

Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ երբեմն առանձին գործչի կարծիքը նույնականացվում է պետության կարծիքի հետ։ «Դա ճիշտ չէ»,- հայտարարեց Նաղդալյանը։