Մեկ շաբաթ առաջ ավտովթարի հետեւանքով վիրավորված՝ տաքսու ուղեւորուհի, 33-ամյա Արմինե Ալեքյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:
«Արմինեն ինքնուրույն չի կարողանում շնչել` շնչառության արհեստական ապարատի միջոցով է շնչում, անգիտակից վիճակում է»,- ասաց բժիշկը:
Արմեն Մուրադյանը հայտնեց, որ վթարի հետեւանքով վիրավորված` տաքսու վարորդ Վալերի Մնացականյանը գիտակից կայուն վիճակում է եւ արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:
Նշենք, որ Արմինե Ալեքյանի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, իսկ վարորդի մոտ՝ դիմային գանգի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, կողոսկրերի կոտրվածք։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 2-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվելու երկու մեքենաների վարորդներն ու տաքսու երկու ուղեւորները: Հիվանդանոցում ուղեւորներից 47-ամյա Սուսաննա Խաչատրյանը մահացել էր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն:





























