«Նաիրիտ» գործարանում նոր մեքենայությունների շուրջ կասկածներ են առաջանում: Այս մասին հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա հիշեցրեց, որ 2015 թվականի ապրիլին Համաշխարհային բանկի մասնագետները գործարանի մասին եզրակացություն են կազմել՝ այն անհեռանկարային անվանելով:
Առավել տարօրինակ է, որ միջազգային մասնագետների երկու նախկին փաստաթղթերը, որոնք պատրաստվել են 2011 եւ 2013 թվականներին, հակառակ հեռանկարներն են ներկայացրել: Ըստ Զուրաբյանի, ռուսական կոնցեռնների (նախ՝ «Իտեռա»-ի, այնուհետեւ՝ «Ռոսնեֆթ»-ի) պատվերով տեխնիկական հետազոտություն պատրաստած Jacobs ընկերությունը մատնանշել է կաուչուկի արտադրության վերականգնման բարձր շահութաբերությունը:
«Իսկ այս փաստաթղթում ամեն ինչ հակառակն է: Այդ պատճառով այն մերժվել է «Նաիրիտ»-ի տեխնիկական խորհրդի նիստի ժամանակ: Նոր մեքենայությունների հոտ է գալիս: Ինչ-որ մեկը ցանկանում է Հայաստանին վերջնականապես զրկել քիմիական արդյունաբերությունից: Իրավիճակը հասկանալու համար խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովում լսումներ են անհրաժեշտ: Սպասում ենք այդ որոշմանը»,- հավելեց Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ 2006թ. պետությունը «Նաիրիտ»-ի բաժնեմասերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ ԱՊՀ Միջպետական բանկը 2006-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել, որը ընկերությունը չէր փակել։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը 2014թ. հունվարին բավարարել էր Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից պարտքեր դիմաց 90% բաժնեմասերը բռնագրավելու հայցը։ Մնացած 10%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։





























