Ֆրանսիայի դատախազությունը ուլտրաաջ ուղղվածություն ունեցող «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենին կասկածում է հարկերից խուսափելու մեջ:

Նրա նկատմամբ հետաքննությունը կապված է ապրիլին լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության հետ, ըստ որի նա իբր արտասահմանյան բանկերից մեկում իր ենթակայության տակ գտնվող հաշիվ ունի, որտեղ կա ավելի քան 2 մլն եվրո փող: Միաժամանակ, նշվում է, որ ֆորմալ առումով այդ հաշիվը տնօրինում է Լը Պենի օգնականը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինքը՝ Լը Պենը պնդում է, որ այդ հաշվի հետ ոչ մի առնչություն չունի եւ չի փորձել խուսափել հարկերից:

Սա արդեն առաջին սկանդալային դեպքը չէ Լը Պենի անվան հետ կապված: Ավելի վաղ «Ազգային ճակատը», որը հիմա ղեկավարում է Լը Պենի դուստրը՝ Մարին Լը Պենը, դադարեցրել է հիմնադրի անդամակցությունը՝ Հոլոքոստի վերաբերյալ անթույլատրելի հայտարարությունների պատճառով: