«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը համոզված է, որ էլեկտրաէներգիայի գործող սակագինը նույնպես գերուռճացված է:
Այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում տնտեսագետը նոր մանրամասներ հայտնեց «ՀԷՑ»-ի հայտի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ:
«Շահագործման եւ պահպանման ծախսերը հանձնաժողովն առաջարկում է դարձնել 2 մլրդ 600 հազար դրամ, ի դեպ երկու տարի առաջ 3 մլրդ դրամ էր: Նորոգման ծախսերը 1 մլրդ 500 հազար դրամ պետք է լինի՝ ըստ հանձնաժողովի: «ՀԷՑ»-ն առաջարկում է իր աշխատողի ամսական աշխատավարձը դարձնել 187 հազար, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ասում է՝ չէ, 200 հազար դարձրու: Կան զավեշտալի ծախսեր նույնպես. մարկետինգային ծախս՝ 33 մլն դրամ: Ընկերությունը, որը մենաշնորհ, ինչի՞ն է պետք մարկետինգի բաժինը: Իրավաբանական ծախսերի համար տարիներ շարունակ 86 մլն դրամ ենք վճարել, իսկ հիմա ՀԾԿՀ-ն ասում է՝ այլեւս ոչ մի լումա: Խորհրդատվական ծախսերի նախորդ տարիներին վճարել ենք մինչեւ 150 մլն դրամ, իսկ հիմա ՀԾԿՀ-ն ասում է՝ 39 մլն դրամ: Հարց է առաջանում՝ տարիներ շարունակ ինչո՞ւ ենք այսքան մեծ գումարներ վճարել»,- ասաց Արտակ Մանուկյանը:
Ինչ վերաբերվում է շքեղ ավտոմեքենաների վարձակալությանը, ապա տնտեսագետի խոսքով, «ՀԷՑ»-ի առաջարկած 101 մլն դրամը հանձնաժողովը կրճատել է մինչեւ 53 մլն դրամ, սակայն փաստաթղթերն ապացուցում են, որ աշխատակիցները պայմանագրեր են կնքել իրենց ազգականների, ընկերների հետ:
«Այսքանից հետո, լավ մի պահ ենթադրենք, որ 6,93 դրամը օբյեկտիվ է, երկու հարց. ո՞րն է սակավաջուր տարին, մյուս հարցը՝ տեղումների մակարդակը ո՞նց է անդրադառնում էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Թող տան այդ թվերը, ես կօգնեմ նրանց՝ հասկանալու, թե տեղումներն ինչպես կազդեն, ինչ պետք է անել դրանից խուսափելու համար»,- եզրափակեց Արտակ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում էր սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն հոսանքը կթանկանա 6,93 դրամով: Հունիսի 17-ին հանձնաժողովը կհաստատի որոշումը:





























