Արարատի մարզում մարտի 14-ի երեկոյան «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Գործով մեղադրյալ չկա:

Նշենք, որ արդեն առկա է բժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ շտապօգնության վարորդը՝ Հրաչ Կարապետյանը, եղել է ոչ սթափ վիճակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. մարտի 14-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Շտապօգնության» ծառայության «Ֆորդ» եւ «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով շտապօգնության բժիշկ, 27-ամյա Կարապետ Գրիգորյանը մահացել է: Երկու մեքենաների վարորդներն ու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: