Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վաններին:
Վարչապետը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը եւ նշել, որ Հայաստանը հանձնառու կերպով կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ զուգահեռաբար բարելավելով ազգային օրենսդրությունը միջուկային անվտանգության ոլորտում:
Հանս Վանները շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ կարեւորել կառավարության՝ այս բնագավառում ստանձնած պարտավորությունները հետեւողականորեն կատարելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Պարոն Վանները ներկայացրել է իր գլխավորած առաքելության ուսումնասիրության արդյունքները եւ առաջարկությունները՝ Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության կարգավորման եւ ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին շարունակական համապատասխանեցման վերաբերյալ:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացումը: Վարչապետը նշել է, որ ատոմակայանի անվտանգ շահագործումը եւ ապահովության մակարդակի բարձրացումը գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, եւ գործադիրը շարունակելու է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ:






























