ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին 2015-2016 թվականներին կհիմնանորոգվի Վայոց ձորի մարզի Չիվա եւ Ռինդ գյուղերն իրար կապող ավտոճանապարհը։
Հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են եւ ընթանում են ամբողջ թափով։
«Եղեգնաձորի ճանշին» ՓԲԸ-ի աշղեկ Մերուժան Բաբլանյանը, ով այս ընկերությունում աշխատում է արդեն 45 տարի, տեղեկացնում է, որ Ճանապարհահատվածի հիմնանորոգումն սկսել են ապրիլի սկզբից եւ արդեն հասցրել են ավարտել հողային եւ արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքները:
Այժմ վերականգնվում է հողային պաստառը, ջրահեռացման նոր համակարգի համա ր փորվում են առուներ:
«Աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի եւ համաձայն գրաֆիկի»,- հավաստիացնում է աշղեկը՝ հավելելով, որ կկառուցվի նաեւ հենապատ։
Հենապատի կառուցումը հիմնանորոգվող ճանապարհի համար կենսական կարեւորություն ունի, քանի որ այս ճանապարհահատվածին քարաթափումներ հաճախ են լինում։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար ճանապարհաշինական ընկերությանը պատվիրել էր, որպեսզի նախագծում անպայման ներառվի նաեւ հենապատի կառուցումը: 206 մ երկարությամբ եւ 2մ 40սմ բարձրությամբ հենապատն այսուհետ կպաշտպանի այս հատվածով երթեւեկող վարորդների անվտանգությունը:
Ճանապարհահատվածի շինաշխատանքներին հետեւելու նպատակով շինհրապարակ էր այցելել նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը: Նա նշեց, որ 2015 թվականին նախատեսվում է իրականացնել ավտոճանապարհի 800մ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 303 մլն դրամ, այս տարվա համար նախատեսված գումարը 100 մլն դրամ է:
«Աշխատանքներն ընթանում են սահմանված գրաֆիկով։ Տեղում ամեն օր ներկա են տեխնիկական հսկողության եւ հեղինակային հսկողության աշխատակիցները, ովքեր պարբերաբար զեկուցում են Տրանսպորտի ԾԻԳ-ին կատարվող աշխատանքների ընթացքի մասին։ ԾԻԳ-ն ամփոփում եւ արդյունքները ներկայացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին»:
Ամեն օր հիմնանորոգվող ճանապարհահատվածում են նաեւ աշխատանքների վերահսկողությունն իրականացնող «ՄԳ Պրոմիլ» ՍՊ ընկերության մասնագետները։
Ընկերության առաջատար ճարտարագետ Վարդան Մարտիրոսյանը հետեւում է, որպեսզի չխախտվեն նախագծում նշված պահանջներն ու նորմերը:
«Ամենօրյա հսկողության տակ են գտնվում շինարարական աշխատանքները, որպեսզի նորմերը, ծավալներն ու որակը համապատասխանեն նախագծին։ Լիցքի խտության, բետոնի, ասֆալտբետոնի ամրության համար նմուշները վերցնում, ուղարկում ենք լաբորատորիա։ Լաբորատորիայից ստանում ենք պատասխաններ, ըստ որի էլ թույլատրում ենք կատարել համապատասխան աշխատանքներ»,- մանրամասնեց մասնագետը:
Ճանապարհին աշխատող 15 բանվորներին շուտով կմիանա նաեւ ծանր տեխնիկան՝ ասֆալտփռիչ սարքերը, էքսկավատորներն ու գլդոնները:
Մինչ ամռան ավարտը ճանապարհի 800 մ երկարությամբ խորդուբորդ հատվածին կփոխարինի ասֆալտապատ հարթ մայրուղին:






























