2015թ. սկզբից Հայաստանում աշխատավարձերի աճը կրկնակի առաջ է անցել գնաճից։ Այս մասին հունիսի 10-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ եւ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Եթե հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսը աճել է 5.1 տոկոսով, ապա հունվար-ապրիլին մասնավոր սեկտորում աշխատավարձը աճել է 12.6 տոկոսով, եթե դատենք մասնավոր սեկտորով, որը անմիջականորեն  արտացոլում է տնտեսական զարգացումը։

«Եթե 2014թ. հունվարին միջին աշխատավարձը մասնավոր սեկտորում կազմում էր 185.6 հազար դրամ, ապա 2015թ.՝ արդեն 199.3 հազար դրամ։ Իսկ «ապրիլը ապրիլին» ցուցանիշները կազմել են 199.6 եւ 213.9 հազար դրամ։

Մասնավոր սեկտորում աշխատավարձերը պակասել են միայն առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտում։ Չպիտի մոռանանք, որ մասնավոր զբաղվածությունը այստեղ մեծ չէ, քանի որ գերիշխում է պետականը»,- նշեց Գաբրիելյանը եւ  հավելեց, որ այդ իսկ պատճառով խոսակցությունները, թե երկիրը կործանվում է, տեղին չեն։