«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն բյուջետային վարկերը կսկսի մարել 2019 թվականից՝ նախկինում նախատեսված 2015-ի փոխարեն: Նման որոշում է կայացվել Հայաստանի կառավարության հունիսի 10-ի նիստում:
Բացի այդ, նախկինում 1.1 մլրդ դրամի (2.3 մլն դոլար - խմբ.) վարկը նախատեսվում է 257 մլն-ով ավելացնել՝ նոր սարքավորումների ձեռքբերման եւ մոնտաժման աշխատանքների համար, շինարարության խորհրդատու IBA եւ Philips ընկերությունների պահանջներին համապատասխան:
Միջուկային բժշկության գերազանցության կենտրոնի ստեղծման մասին որոշումը կայացվել է 2008 թվականի փետրվարին: Կենտրոնը տեղակայվելու է Երեւանի ֆիզիկայի ինտիտուտում: Դրա ստեղծման արժեքը պետք է կազմի շուրջ 30 մլն եվրո: Դրանից 5 մլն-ը բելգիական «IBA Molecular»-ից պրոտոնային արագացուցիչի գինն է:





























