Հայաստանում ոսկերչական իրերի վաճառականները պարզեցված հարկային ռեժիմ կունենան: «Լիցենզավորման վճարների մասին» օրենքում փոփոխությունների մասին համապատասխան նախագիծը հաստատվել է կառավարության հունիսի 10-ի նիստում:

Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի խոսքով, շրջանառության հարկով աշխատանքը ներկայում բարդացնում են հաշվապահական հաշվառումը եւ ժամանակավոր ու ֆինանսական այլ ծախսերը:

Նրանց համար լիցենզավորման վճարը ենթադրվում է տարբերակված դարձնել՝ Երեւանի, մարզային կենտրոնների, այլ քաղաքների, ինչպես նաեւ գյուղերի եւ սահմանամերձ բնակավայրերի համար: Երեւանում առաջարկվում է այն սահմանել ամսական 35 հազար դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 73 դոլար - խմբ.):

Մարզային կենտրոններում, այլ քաղաքներում եւ գյուղերում վճարը կկազմի 25, 20 եւ 15 հազար դրամ ամսական, իսկ սահմանամերձ գյուղերում՝ 0 դրամ:

Ներկայում հանրապետությունում ոսկերչական իրերի առեւտրի 1.500 սեղան է գործում: Դրանք շուրջ 1.200 տնտեսվարող սուբյեկտ է ղեկավարում: