Լեհաստանի կառավարության միանգամից 3 նախարար եւ խորհրդարանի ստորին պալատի խոսնակը հունիսի 10-ին հայտարարել են հրաժարականի մասին։
Երկրի վարչապետ Եվա Կոպաչի խոսքով՝ իրենց պաշտոններից հեռանում են ֆինանսների նախարար Մատեուշ Շուրեկը, սպորտի նախարար Անջեյ Բերնատը, առողջապահության նախարար Բերտոշ Արլուկովիչը, ինչպես նաեւ Սեյմի խոսնակ Ռադոսլավ Սիկորսկին։ Նախարարների հետ հրաժարական են տվել նաեւ նրանց տեղակալները, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նախարարների ու խոսնակի հրաժարականի պաշտոնական պատճառները չեն հաղորդվում։ Միաժամանակ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սեյմի խոսնակ Սիկորսկին որոշ քաղաքական գործիչների հետ զրուցելիս մի քանի կտրուկ արտահայտություն է թույլ տվել Լեհաստանի օտարերկրյա գործընկերների հասցեին։





























